Անկեղծ

Երբ ամեն ինչ թվում է, այնքան անիմաստ ու տխուր, մի պահ փակեք ձեր աչքերը և նայեք ձեր շուրջը: Ստեղծեք ձեր երևակայական աշխարհը և որոշ ժամանակ անցկացրեք այնտեղ՝ բոլորից թաքուն: Հետո դուրս եկեք Ձեր այդ թաքստոցից և նայեք աշխարհին: Մի պահ հասկացեք , թե որքան իրական չէր ձեր այդ հորինած իրականությունը: Որքան երջանիկ էիք դուք այդ մի քանի վայրկյանի ընթացքում, և հիմա դուք որքան շատ բան կորցրեցիք, երբ բացեցիք ձեր աչքերը:  Չգիտեմ, թե դուք այդ մի քանի վայրկյանի ընթացքում ինչ կտեսնեք: Միգուցե դա լինի Ձեր երազանքների մեքենան, կամ էլ այն մարդը, ում դուք սիրում եք, իսկ միգուցե դա լինի մի դատարկ մոլորակ երկրագնդից այն կողմ: Ամեն մեկի մոտ այդ մի քանի վայրկյանը անցնում է յուրովի: Բայց բոլորն էլ աչքերը բացելուց հետո հասկանում են, թե որքան բան նրանք կորցրեցին…այն ամենը , ինչ նրանք ձեռք էին բերել ընդամենը մի քանի վայրկյանի ընթացքում…

Եվ երբ կվերադառնա ձեր տխրությունը, դուք ժպտացեք նրան: Նայեք նրա աչքերին, ոչինչ մի ասեք, և ուղղակի ժպտացեք: Դա այնքան շատ կկատաղեցնի ձեր այդ տխրությանը, որ միգուցե նա թողնի և հեռանա ձեզանից…Այն, ինչ դուք կորցրեցիք, դա դուք երբեք չեք էլ ունեցել…Գիտեմ, բայց միևնույնն է, այնքան դժվար է կորցնել դա: Քանի, որ միայն դա կորցնելով, այդ իրական, երջանիկ կյանքի մի քանի վայրկյանը կորցնելով միայն մենք հասկանում ենք, թե իրականում, որքան դժվար է երբեմն լինում ժպտալ տխրության աչքերին…

Ժպիտը չի ցանկանում ծնվել, նա չի ցանկանում գոյություն ունենալ: Իսկ արցունքները գլորվում են դեպի անվերջություն թվացող հատակը, որը պատված է անվերջանալի թվացող տխրությունների երկաթե շղթայով: Ժամանակը ստիպում է ավելի ու ավելի շատ ընկնել տխրության ճիրանները, իսկ ժպիտը իր մահն է ապրում անապատի խորքերում, ձեր հոգու մնացած այն նուրբ անկյուններում, որտեղ դեռ ոչ ոք չի հասցրել ոտք դնել:

Որտեղ դեռ ոչ ոք չի հասցրել նայել, թքել դրա մեջ և առաջ անցնել: Որտեղ բառերը դեռ ինչ-որ նշանակություն ունեն, և չեն հասցրել դառնալ անիմաստություն: Դուք այդ փոքրիկ մասնիկը պահում եք ձեր ամենաներսում, սպասելով ինչ-որ մեկին, ում հետ  կկարողանաք կիսել դա: Կկարողանաք կիսել, այն հույսով, որ միգուցե նա կկարողանա վերացնել այդ տխրությունը, և ստիպել նրան ժպտալ: Եվ, երբ հերթական անգամ ինչ-որ մեկին ցույց տալով ձեր մերկ հոգին , հասկանում եք, որ նա հերթական անգամ ստիպված պետք է լինի այդ մարդուց հետո ստիպել ինքն իրեն ժպտալ, դուք հասկանում եք, որ հերթական անգամ դուք տանուլ եք տալիս ճակատամարտը…

Եվ վերջապես ինչի՞ համար է պետք  միշտ ստիպել  ինքներս մեզ ժպտալ: Հասկանում ես, կյանք, մենք էլ ենք ուզում իրականում ժպտալ: Մենք էլ ենք ուզում չխաղալ, ցանկանում ենք տխրությանը ճանապարհենք, մեր աչքերում պահելով ժպիտի լույսը, ցանկանում ենք այլսև սիպված չլինեն բացել մեր հիմար բերանները պարտադրաբար մարդկանց չտխրեցնելու, այլ ժպիտ պարգևելու համար: Ուղղակի մենք արդեն հոգնել ենք այդ ժպիտը տալ ուրիշներին…Մենք ինքներս դրա կարիքը ունենք: Եվ դրա բացակայության հետևանքով մեր մոտ առաջացել է քաղց, սով…երբ միայն արցունքներն են հոսում, և տխրությունը ոչ մի կերպ չի ցանկանում մահանալ…մենք այլևս ուժ չունենք հերթական անգամ նրա դեմքին ժպտալու համար…

Մենք՝ մարդիկս, մենք՝ բառերս, մենք՝ զգացմունքներս, մենք՝ տխրությունները, մենք՝ ժպիտները, մենք՝ աներևույթ և նյութական գոյություն ունեցող ամենը այս տիերզեքում…մենք այլևս չենք կարողանում հասկանալ, թե ինչպես է հարկավոր տխրել…Մենք ուղղակի արդեն կորցրել ենք տխրելու ունակությունը…պատված այդ հիմար ժպիտի աշխարհով…

Ներեցեք մեզ:

Երբ քո ստվերը կորում է

Երբ քո ստվերը կորում է
Իմ երևակայության սահմաններից դուրս
Անցնելով աշխարհն իմ իրականության
Միջով վազելով զարմանալի լուռ
Մթությամբ պատված այս հրաշք լույսով
Պատված շղարշով առավոտյան վաղ
Արևի…
Երբ քո ստվերը կորում է
Հեռվում թողնելով իմ վայրկյանները
Թվացյալ երջանիկ, ուրախ պահերը
Իրական կամ միգուցե ոչ այդքան
Երևակայությունից ծնված և երբեք չապրած
Ժամանակի կորցրած գիծը
Մթությամբ պատված, այս լուռ
Աշխարհի…
Երբ քո ստվերը կորում է
Պատին ամրացված ժամացույցի
Սլաքների դանդաղ ու դանդաղ
Շարժումների պես վերանում կամաց
Կամաց դառնալով անիրականություն
Երազանքներով պատված այդ լույսով
Կյանք աղերսող իր լուռ հայացքով
Ինձ ոչինչ չասող
Երևակայության…
Երբ քո ստվերը կորում է
Պատուհանից այն կողմ
Քամու շարժումով տերևն ընկնում
Այն նույն անկյան տակ
Որտեղ քո աչքերի
Լույսին էին նայում
Բայց միայն ստվեր էին տեսնում իմ
Աչքերում…
Երբ քո ստվերը կորում է
Առավոտյան, երեկոյան, կեսօրին, գիշերը
Մթության մեջ, երբ լույս է
Երբ վաղուց արդեն Իրականությունը
Դարձել է երևակայության մասնավոր դեպքը
Պատմական ակնարկ
Տրամաբանական պատասխանների նուրբ շղթայից
Պոկված մի օղակ
Պակասող մի տող
Մի նուրբ մեղեդի
Աշխարհի արարման լուռ երաժշտությամբ,
Տիեզերքի անվերջ երկար ճանապարհի
Ամենավերջում
Մի մոլորակի հայացքի ներքո
Կապույտ աչքերով զարմացած լույսով
Մթությամբ պատված երևակայական իմ երազանքում
Իրականության այս դատարկությամբ
Լցված աշխարհում
Արևի…
Լույսի…
Մոռացության, բառերի, կորած, գտնված
Երբ կորում է ստվերը քո
Զարմանալի այս տխրությամբ լցված ուրախ աշխարհում:
Երբ կորում ես դու:
Կորում եմ Եվ ես:
Կորում եմ , ինչպես կորում ես և դու:
Եվ իմ ստվերը քո ստվերի հետ
Քայլում է կամաց այն մյուս աշխարհում
Ոչ իրական այդ նուրբ աշխարհում
Երբ բոլորը փակում են իրենց աչքերը
Մեր երազանքը թևեր է առնում
Երազից այն կողմ
Մենք միասին ենք
Մեր ստվերները միմյանց տեսնելով
Հեռու չեն փախչում
Կանգնում են, լսում, զգում, տեսնում են
Ու ապրում են
Երբեք էլ այդպես
Չծնված այդ ոչ իրական
Փակված աչքերի հիմար աշխարհում…

Սիրել

Տխրության մեղեդին այնքան հանգիստ է, այն այնքան կատարյալ է թվում, այնքան աննկատ է գալիս, կամաց, հանդարտ, մտնում է հոգուդ մեջ և այնտեղից չի ցանկանում դուրս գալ: Որքան էլ դու նրան փորձում ես ստիպել հանձնվել, որքան էլ փորձում ես ասել,, որ նա քեզ հարկավոր չէ, միևնույնն է նա չի ցանկանում քեզ լքել: Նա կապված է քեզ հետ, նա վաղուց արդեն քո էության մի մասնիկն է, և քո գոյությունը արդեն վաղուց պայմանավորված է նրա գոյությամբ: Ուղղակի այդ ամենը կատարվեց այնքան արագ, որ դու անգամ չհասկացար, թե երբ ամեն ինչ սկսվեց…այդ ամնն այնքան անիրական էր թվում, որ մինչև հիմա դու չես կարողանում հավատալ, որ այդ ամենը կատարվեց հենց քեզ հետ…

Երբ դու բացեցիր աչքերդ առաջին անգամ, դու անգամ չէիր էլ կարող պատկերացնել , թե այս աշխարհում քեզ համար ինչեր կան նախապատրաստած: Երբ դու առաջին անգամ ինչ-որ բառ շշնջացիր, դու անգամ չէիր կարող պատկերացնել , որ դուդեռ այնքան շատ բառեր պետք է կարողանաս հորինել: Երբ առաջին անգամ քայլեցիր, դու անգամ չէիր էլ պատկերացնում, թե ինչ հսկայական ճանապարհ դու դեռ պետք է անցնես: Երբ առաջին անգամ դու ցավ զգացիր, և արցունքի կաթիլը գլորվեց քո նուրբ աչքերից, դու անգամ չէիր էլ պատկերացնում, որ դա ընդամենը առաջին կաթիլն էր այն հսկայական օվկիանոսի, որը դու դեռ պետք է հաղթահարես: Եվ, երբ առաջին անգամ տեսար նրան, առաջին անգամ դու իրական ժպտացիր, երբ առաջին անգամ քո սիրտը սկսեց սովորականից ավելի արագ բաբախել, առաջին անգամ քո ձայնը սկսեց կորել, առաջին անգամ քո մտքերը սկսեցին խառնվել…հենց այդ վայրկյանին , հենց այդ անկրկնելի և գեղեցիկ ակնթարթին, կանգնած քո կյանքի բաց դռների առջև, դու անգամ չէիր էլ կարող պատկերացնել, որ քո ողջ հաջորդ կյանքդ դու կապրես միայն նրան տեսնելով…

Եվ դու սկսեցիր այլևս չհավատալ պատահականություններին: Դու հասկացար, որ միայն հաղթելով բոլոր պատահականություններին, դու կկարողանաս տեսնել իրական աշխարհը: Եվ դու սկսեցիր ապրել հանուն նրա, ամեն օր, ինչ որ նոր բան հորինելով, մտածելով, ստեղծելով, բայց ուղղակի…լուռ նայելով: Եվ բառերդ քո միայն բառեր մնացին թղթի վրա: Դու երբեք էլ այդպես չկարողացար սիրել: Դու երբեք էլ այդպես չկարողացար ասել այն, ինչ ցանկանում էիր: Քեզ միշտ խաբեցին, քեզ երբեք չհավատացին, երբեք չօգնեցին, և ոչ ոք հույս չտվեց: Դու ուղղակի կորար հավերժության մեջ գտնվող ինչ որ աներևույթ մի կետում, որը իրականանում հնարավոր է անգամ գոյություն էլ չի ունեցել:

Եվ միայն դու գիտեիր, որ քո գրած ամեն մի բառդ, քո հորինած ամեն մի աշխարհը, քո երևակայական իրականության ամեն մի տիեզերական մոլորակը, քո ամեն մի ժպիտը, ամեն մի չասված նախադասությունը, բոլորը միայն նրան էին նվիրված: Բոլորը միայն այդ մեկ բառի համար, որ կոչվում էր “Սեր”: Եվ դու հասկացար, որ կյանքի ամենամեծ հրաշքը դա հենց սերն է: Որ ճիշտ են ասում բոլոր բանաստեղծները, փիլիսոփաներն ու ուղղակի ռոմանտիկները: Քո աշխարհները ամբողջությամբ այդ սերն էին: Եվ դու այն ժամանակ, երբ առաջին անգամ բացեցիր աչքերդ, երբեք չէիր էլ կարող ենթադրել, որ գոյություն ունի մի այդպիսի հիասքանչ երևույթ, որը քեզ ստիպում է պայքարել բոլորի դեմ, անցնել անվերջ երկար թվացող ճանապարհներ, անցնել օվկիանոսներ, որոնք թվում է , թե լցված են արցունքներով, և միևնույն ժամանակ, ամեն մի գրողի տարած հիմար ճանապարհից հետո, ուղղակի կանգնել, հիշել ամեն ինչ և ուղղակի ժպտալ….

Ժպտալ, քանի որ հասկանում ես, որ դու եզակի մարդ ես…եզակի ես, քանի որ դու կարողացել ես սիրել…Եվ հենց այդ վայրկյանին էլ դու առաջին անգամ նորից ու նորից բացում ես քո աչքերը, երբ հասկանում ես, որ դու այդպես էլ երբեք չդադարեձիր սիրել…

Երբ ամեն ինչ կորում է…

Դու  ինչ որ մեկի կարիքն ունես: Ինչ որ մեկի, ով կկանգնի կողքիդ, և կասի, որ պատրաստ է օգնել քեզ , պատրաստ է հավատալ այն բոլոր քայլերին, որոնք դու անում ես, չնայած դա ուրիշների մոտ միայն ծիծաղ է առաջացնում: Պատրաստ է պայքարել քեզ հետ միասին, պայքարել բոլոր այն մարդկանց դեմ, ովքեր համարձակություն ունեցան չհավատալ Ձեզ: Պայքարել ողջ աշխարհի դեմ, ապացուցելու համար, որ նրանք բոլորը սխալվում են: Պայքարել, ոչ , թե պայքարելու համար, այլ պայքարել հաղթելու համար: Հաղթել, և ուղղակի ժպտալ, վայելել հաղթանակը ընդամենը մի քանի վայրկյան և քայլել դեպի նոր , անհայտ ճանապարհ…Այն մարդը, ով կկանգնի քո կողքին, և կշշնջա իր նուրբ ձայնով, որ նա այստեղ է…նա իրական է…նա գոյություն ունի…Եվ այս անգամ դու այլևս կարիք չունես նրան հորինելու…

Քո աշխարհը սկսում է փլուզվել: Կամաց-կամաց նա քանդվում է, իր հետևից թողնելով միայն հիշողության փոշեհատիկներ: Նա կարծես անգամ երբեք գոյություն էլ չի ունեցել: Եվ կամաց-կամաց սկսում են վերանալ նաև քո հիշողության վերջին մասնիկները , իրենց հետ տանելով քեզ ամբողջությամբ, քո կյանքը, քո բոլոր ապրած երջանկության և տխրության վայրկյանները: Եվ դու սկսում ես մահանալ: Սակայն դու մահանում ես, քանի որ հաստատ գիտես, որ շուտով նորից ծնվելու ես: Ծնվելու ես արդեն նոր իմաստներով, նոր մարդկանցով, նոր կյանքով շրջապատվելու համար…Նոր հիշողություններ ստեղծելու և նոր երևակայական աշխարհներ դրանց միջոցով կառուցելու համար: Կառուցիր, որ օրերից մի օր նրանք նույնպես փոշի դառնան…

Բայց, որքան էլ դու փորձում ես գտնել այն իրական աշխարհը, որտեղ դու քեզ երջանիկ կզգաս, միշտ դու զգում ես, որ քեզ այնումանայնիվ ինչ որ բան պակասում է: Եվ, չնայած ամեն ինչ այնքան գեղեցիկ և այնքան ճիշտ է թվում, միևնույնն է ամեն ինչ այնքան տգեղ և այնքան սխալ է, որ դու անընդհատ ուզում ես դուրս գաս հերթական աշխարհիցդ ինչ որ նոր երազանք գտնելու համար: Բոլոր այդ աշխարհներում էլ, միշտ, բոլորը քեզ փորձում են կոտրել: Փորձում են ջարդել քո մեջ նստած այն փոքրիկ մարդուկին, ով չի պատրաստվում ընդունել նրանց խաղի կանոնները: Եվ դու հանձնվում ես: Համարյա միշտ դու դադարում ես պայքարելուց, և հորինում ես մի նոր աշխարհ, որտեղ դու քեզ ավելի լավ ես զգում: Բայց դա շատ երկար չի տևում…

Եվ պատճառը այնքան պարզ է: Ուղղակի ոչ մի երևակայական աշխարհում դու այդպես էլ չհանդիպեցիր այն մարդուն, ով քեզ ուժ էր տալիս: Ով տխրությանդ պահին կանգնում էր քո կողքին, ով ուղղակի շշնջում էր, որ ամեն ինչ լավ է լինելու: Ով պատրաստ էր քեզ հետ գնալ անգամ տիեզերքի վերջը: Ով պատրաստ էր հավատալու քո երազանքներին, որքան էլ, որ դրանք ուրիշների մոտ միայն ծիծաղ էին առաջացնում: Նա չկար: Չկար այն մարդը, ում հետ դու կպայքարեիր բոլոր դեմ և բոլորին կկարողանայիր ապացուցել, որ դու կարող ես փոխել աշխարհը….

Երկու մարդ, ովքեր հավատում են մեկմեկու, հավատում են իրենց երազանքներին, կօգնեն իրար, կպայքարեն բոլորի դեմ…կնայեն իրար աչքերի մեջ և տխրության պահին ժպիտ գտնելով ուղղակի լուռ կարտասվեն…միասին…փոխելով իրենց աշխարհները…

Ճանապարհ

Կարելի է հավատալ, որ կյանքը դա մի շղթա է, որտեղ քո ամեն մի հաջորդ քայլը նախապես նշված է: Կարող ես ինքդ քեզ համոզել, որ ամեն ինչ այդքան էլ վատ չէ, որքան թվում է, և ապագան շատ գեղեցիկ է լինելու: Կարող ես ինքդ քեզ նվիրել աշխարհի բոլոր ժպիտները, և ինքդ քեզ համոզել, որ դու աշխարհի ամենաերջանիկ մարդն ես, քանի որ ստացել ես աշխարհի բոլոր ժպիտները…Կարող ես ստիպել մարդկանց նվիրել քեզ իրենց հոգիները, կարող ես տալ նրանց քեզանից մասնիկներ, կարող ես ստիպել նրանց հավատալ, որ դու ժպտում ես…

Բայց իրականում, երբ երեկոյան հանգիստ , միայնակ պառկած լինես քո սենյակում, երբ փորձես աչքերդ փակել և ևս մեկ օր անցկացնել առաջ, դու կտեսնես այն, ինչը այդքան համառորեն թաքցնում ես ուրիշներից: Դու կտեսնես քո արցունքները, կտեսնես քո չիրականացած երազանքները, կտեսնես քո անցած ժամանակը, կտեսնես այդպես էլ երբեք քո կողմից չասված խոսքերը և չլսված բառերը…Կտեսնես, նրա աչքերը, որոնք երբեք քեզ չեն նայել, նրա գեղեցիկ ժպիտը, որն այդպես էլ երբեք քեզ համար չի ժպտացել, նրա այրվող շուրթերը, որոնք դու երբեք չես համբուրել…

Եվ դու կփակես քո աչքերը, քանի որ միևնույնն է գիտես առավոտյան նոր օր պետք է բացվի: Առավոտյան ամեն ինչ փոխվելու է: Առավոտյան նոր կյանք սկսելու լավագույն ժամանակն է լինելու: Առավոտյան հենց այն պահն է, երբ դու պետք է այդ ամենը անես: Երբ սկսես քայլել դեպի քո երազանքները, երբ սկսես լսել նրա ձայնը, երբ սկսես ասել այդ բառերը, որոնց համար դու այդքան պայքարել ես: Առավոտյան, երբ լույսը կբացվի, մի նոր հույս կծնվի նրա հետ միասին: Առավոտյան քո աշխարհը կգունավորվի նոր երանգներով: Այնտեղ այլևս մթություն չի լինի….

Բայց, երբ դու արթնանում ես, հասկանում ես, որ երեկոյան հերթական անգամ ընկել էիր երազներիդ հետևից: Որ , ինչպես միշտ, այնպես էլ հիմա դու ոչինչ չես փոխելու: Որ , ինչպես միշտ, այնպես էլ հիմա, դու ոչինչ չես ասելու: Որ ինչպես միշտ, այնպես էլ այժմ, դու ոչ ոքի օգնության կարիքը չես զգալու: Որ , ինչպես միշտ, այնպես էլ այժմ, դու կրելու ես քո դիմակը, սովորական ժպիտով և պատրաստվելու ես խաբել մարդկանց, որպեսզի նրանք նվիրեն քեզ իրենց ժպիտները, իրենց հոգիներից մի փոքրիկ մասնիկներ: Որպեսզի դու զգաս, որ դու ինչ որ մեկի համար դեռ կարող ես կարևոր լինել: Որ ինչ որ մեկին դու դեռ կարող ես ժպիտ պարգևել…

Եվ երեկոյան, երբ կփակես աչքերդ, արցունքներդ կխեղդեն քո հոգին: Քո հոգին, որը բաղկացած է տարբեր մարդկանց հոգիների մասնիկներից: Այնքան շատ, որ դու անգամ կորցրել ես քո սեփականը: Եվ, երբ արցունքներդ դուրս կժայթքեն քո կոտրված մարմնից, դու կհասկանաս  ամենակարևոր բառերը…որոնք դու երբեք այդպես էլ ոչ ոքի չասեցիր, որոնք դու երբեք այդպես էլ ոչ ոքի կողմից չլսեցիր…

Եվ կմտածես, որ ամեն ինչ լավ է լինելու: Չէ, որ առավոտյան նոր օր է բացվելու: Նոր ճանապարհ, որը դու դեռ պետք է անցնես…